ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տիրոջ ոտքերի մոտ

Տիրոջ ոտքերի մոտ
17.05.2013 | 11:03

(սկիզբը` այստեղ)

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍ I
ԱՇԱԿԵՐՏ- Տե՛ր, ո՞րն է ծառայության իրական իմաստը: Դա ա՞յն է, որ մենք ծառայենք Աստծուն և ապա Նրա արարածներին՝ ի սեր Նրա: Մի՞թե մարդու օգնությունը, մարդու, որն ի վերջո սոսկ որդ է, որևէ արժեք է ներկայացնում Աստծո համար Իր մեծ ընտանիքը խնամելու գործում, կամ մի՞թե Աստված մարդու օգնության կարիք ունի՝ Իր որևէ արարածին պաշտպանելու կամ պահպանելու:
ՏԵՐ- 1. Ծառայությունը հոգևոր կյանքի գործունեություն է. դա սիրուց ներշնչված բնական զոհաբերությունն է: Աստված, որ Սեր է, մշտապես հոգ է տանում Իր արարչությանը և կամենում է, որ Իր արարածները, հատկապես մարդը, որին Նա ստեղծեց Իր սեփական պատկերով ու նմանությամբ, երբևէ ծույլ չլինեն: Իր արարածների հոգածության և պահպանության մեջ Աստված ոչ մեկի կարիքը չունի, քանզի Նա այնպես է ստեղծել նրանց, որ առանց Իր օգնության չեն կարող շարունակել գոյություն ունենալ, և Նա է ապահովել այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրանց ցանկությունները բավարարելու համար: ՈՒրիշներին ճշմարտապես ծառայելու մեջ մեծ առավելություն կա. ծառայելն օգնում է նրան, ով ծառայում է. ինչպես որ քեզ հետ պատահեց Տիբեթում: Երբ դու մահվան սպառնալիքի տակ էիր սաստիկ ցրտի պատճառով, տեսար մեկին՝ ձյան մեջ թաղված և մահամերձ: Դու մոտեցար նրան ու բարձրացնելով ուսերիդ՝ տարար նրան: Քո գործադրած ջանքերը մարմնիդ մեջ ջերմություն առաջացրին, որը փոխանցվեց նաև նրան, ու երկուսդ էլ փրկվեցիք: Նրան փրկելով՝ դու քո սեփական կյանքը փրկեցիր: Սա է ծառայության ճշմարիտ նպատակակետը: Ոչ ոք չի կարող ապրել միայնակ և զուրկ ուրիշների օգնությունից: Եթե մեկն օգնություն ստանա ուրիշից և չկամենա փոխադարձաբար օգնել, ինչպես կարող է, նման երախտամոռը որևէ մեկից որևէ օգնություն ակնկալելու իրավունք ամենևին չունի:
2. Մինչև մարդը Աստծուն և մարդկանց չծառայեցնի այն ընդունակություններն ու կարողությունները, որոնցով Աստված օժտել է իրեն, նա Աստծուց չի կարող ստանալ այն օգնությունը, որը միայն Նա կարող է պարգևել: Հենց որ մարդն անի իր բաժինը, Աստված կամբողջացնի այն: Օրինակ, Ղազարոսի գերեզմանից քարի տեղաշարժումը մարդու գործ էր, և անհրաժեշտություն չկար, որ Աստված Իր ուժը գործի դներ դա անելու համար, բայց երբ մարդիկ գլորեցին քարը, Աստված, որը ես ինքս եմ, արեց այն, ինչ վեր էր մարդու ուժից և հմտությունից. ես կյանք տվեցի մահացածին: Նույնիսկ դրանից հետո մարդու համար անելիք կար՝ Ղազարոսին պատանից ազատ արձակելու, որպեսզի նա լիովին ազատ լիներ:
Արդ նրանց մասին, ովքեր մեռած են մեղքի մեջ: Իմ աշակերտների գործն է հեռացնել արգելքի ու դժվարության գերեզմանաքարերը, սակայն կյանք պարգևելն Իմ գործն է: Հաճախ ոմանք, ովքեր հոգևոր կյանք են ստացել, դեռ կապված են մնում իրենց վատ սովորություններին ու չար պատկերացումներին: Իմ զավակների պարտականությունն է նրանց առաջնորդել դեպի կատարյալ ազատություն. այդ մեծ ծառայությունը մատուցելու համար նրանք սրտով և հոգով միշտ արթուն պետք է լինեն:
3. Մի արքա մահվան մահճում իր հավատարիմ ծառային հետևյալն ասաց. «Իմ սովորությունն է եղել ճանապարհորդության մեկնելիս ինձնից առաջ քեզ ուղարկել՝ հայտնելու իմ մասին և պատրաստություն տեսնելու իմ ընդունելության համար: Ես շուտով գնալու եմ մեռյալների երկիրը: Հետևաբար գնա՛ և տեղեկացրո՛ւ, որ շուտով միանալու եմ նրանց»: Սկզբում ազնիվ ծառան չհասկացավ, թե իր տերն ի՛նչ նկատի ուներ: Բայց հենց կռահեց նրա միտքը, որ ծառան պետք է մեռնի և տիրոջից առաջ գնա մեռյալների երկիրը, առանց մի պահ վարանելու ու կասկածելու՝ սուրը մխրճեց իր սիրտը և այդպիսով մտավ մեռյալների երկիրը՝ այնտեղ սպասելու իր տիրոջը: Արդ, ովքեր ծառայում են ինձ, որ Կյանքի Տերն ու թագավորների Թագավորն է, նրանց պարտքն է փրկության ավետարանը տանել նրանց, ովքեր մեռել են մեղքի մեջ, և պատրաստ լինել նույնիսկ իրենց կյանքը տալու ինձ համար, որ աշխարհ եկավ նրանց փրկության համար ու դեռ կրկին պիտի գա:
4. Անհնազանդ որդին մի անգամ լքեց իր հայրական տունը և միացավ ավազակների խմբին՝ ժամանակի ընթացքում դառնալով նույնքան հանդուգն ու դաժան, որքան մնացածը: Հայրը կանչեց ծառաներին և պատվիրեց գնալ իր որդու մոտ ու ասել նրան, որ եթե զղջա և տուն վերադառնա, ամեն ինչ կներվի, և ինքը կընդունի նրան իր տուն: Բայց ծառաները, ամայի վայրից և վայրագ ավազակներից սոսկալով, հրաժարվեցին գնալուց: Այնուհետև այդ երիտասարդի ավագ եղբայրը, որը սիրում էր նրան, ինչպես որ իր հայրն էր սիրում, ճանապարհ ընկավ՝ փոխանցելու ներման պատգամը: Բայց ջունգլի մտնելուց քիչ անց ավազակների խումբը հարձակվեց նրա վրա և մահացու վիրավորեց: Երիտասարդ եղբայրը խմբի մեջ էր: Երբ նա ճանաչեց իր ավագ եղբորը, տրտմությամբ ու զղջումով լցվեց: Ավագ եղբայրը կարողացավ փոխանցել ներման պատգամը և ապա ասելով, որ իր կյանքի նպատակն իրականացավ, ու սիրո պարտքը կատարվեց՝ ավանդեց հոգին: Ավագ եղբոր զոհաբերությունն այնքան խոր ազդեցություն ունեցավ անհնազանդ երիտասարդի վրա, որ նա զղջումով վերադարձավ հոր մոտ և այդ օրվանից նոր կյանքով ապրեց: Հետևաբար ճիշտ չէ՞, որ իմ որդիները պետք է պատրաստ լինեն զոհաբերելու իրենց կյանքերը՝ ողորմության պատգամը հասցնելու իրենց այն եղբայրներին, որոնք մոլորվել են և կործանվել մեղքի մեջ, ինչպես ես տվեցի իմ կյանքը բոլորի փրկության համար:
5. Իմ զավակներն աշխարհում նման են աղի: Եթե աղի բյուրեղները չլուծվեն, չեն կարող փոխանցել իրենց համը: Նույնն է իմ զավակների դեպքում: Եթե նրանք չհալվեն սիրո և Սուրբ Հոգու կրակի մեջ, չդառնան կենդանի զոհ, ի վիճակի չեն լինի գեթ մեկ հոգու փոխանցելու հոգևոր և երանավետ այն կյանքը, որով կարող են փրկվել: Նրանք կլինեն նույնը, ինչ Ղովտի կինը, որն աղե արձան դարձավ: Բայց ինչպես ես ձեզ սիրելով հալվեցի Գեթսեմանիում և խաչի վրա տվեցի իմ կյանքը, որ կարողանամ փրկել մարդկանց կյանքերը, քանզի կյանքի համար կյանքով պետք է վճարվի, այնպես էլ դուք եք կոչված ձեր կյանքը տալու և այդպիսով հոգևոր կյանքի բուրմունքը փոխանցելու ուրիշներին ու նրանց ազատելու մահվանից:
6. Մի մարդասպան, կախաղան բարձրացվելու փոխարեն, ուղարկվեց ռազմաճակատ և իր թագավորի ու երկրի համար այնպիսի անվեհեր քաջությամբ կռվեց, որ չնայած ծանր վիրավորված էր, վերադարձավ որպես հաղթող: Հաղթանակից հետո նրան կրկին բերեցին դատարան՝ դատապարտելու: Թագավորը, նրա մարմնի վրա տեսնելով վերքերի նշանները, չեղյալ հայտարարեց մահավճիռը. ոչ միայն ներեց նրա հանցանքը, այլև առատորեն պարգևատրեց նրան ու բարձրացրեց պատվո աստիճանի: Հետևաբար, նրանք, ովքեր Սրբազան պատերազմում իմ կողմից մարտնչում են ընդդեմ սատանայի քաջությամբ և համարձակությամբ, որ կարողանան փրկել իրենց եղբայրներին ու քույրերին, ինձնից ոչ միայն մեղքերի ներում կստանան, այլև Աստծո արքայության մեջ ես նրանց կտամ թագ և թագավորություն:
7. Ինչպես խողովակը, որն օգտագործվում է մաքուր ջուր մատակարարելու համար, ինքնին մաքուր է մնում իր միջով հոսող ջրի շնորհիվ, նույնպես և նրանք, ովքեր Սուրբ Հոգու միջոցով Կյանքի Ջուրը փոխանցում են ուրիշներին, ինքնին մաքրվում են և դառնում Աստծո արքայության ժառանգներ:
8. Լավագույն ճանապարհը հավատացյալի համար՝ արժանի դառնալ Սուրբ Հոգին ընդունելու և ծառայելու, երկնային ձայնին հնազանդ լինելն ու անմիջապես, ուժերի ներածի չափով, ծառայել սկսելն է: Լավ լողորդ դառնալու համար անօգուտ է հրահանգավորում ստանալ, մինչև որ մեկը չմտնի ջուրը և ինքնուրույն ջանքեր չգործադրի: Մշտապես մարզվելով նախ ծանծաղ, ապա խոր ջրում, նա կարող է փորձառու դառնալ: Հետևաբար, սովորելու համար ինչպե՛ս փրկել նրանց հոգիները, ովքեր սուզվում են մեղքի մութ ջրերում. լավագույն ճանապարհը մտնելն է աստվածության միակ իրական և գործուն դպրոցը, որը միությունն է ինձ հետ:
9. Կան մարդիկ, որոնց կարողություն չունենալու միտքը հետ է պահում ծառայելուց. նրանք չեն հիշում, որ իմ զորությունը ուժ է տալիս տկարության մեջ: Այդպիսիները նման են այն հիվանդներին, որոնք թեև ապաքինվել են իրենց հիվանդությունից և սննդարար ուտելիք են ընդունում, բայց դեռ տկար են, որովհետև չեն աշխատում ու համապատասխան մարզանք չեն անում: Նման հավատացյալները պետք է ապավինեն ինձ և ձեռնամուխ լինեն մեղավորներին կործանումից փրկելուն:
(շարունակելի)


Անգլերենից թարգմանեց
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
Նկարիչ` Մայիս ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ